Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը եւս կարող է պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Ինչպես տեղեկանում ենք Հայ դատի Ամերիկայի Արեւելյան ափի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, սենատոր Ջոզեֆ Լագանան նահանգային սենատի քննարկմանն է ներկայացրել համապատասխան բանաձեւի նախագիծը, որն այսօր ուշ երեկոյան կամ գիշերվա ընթացքում քվեարկության է դրվելու:
Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կա նաեւ Արցախյան վերջին պատերազմին, դատապարտվում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան: Նյու Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարեւոր քայլ կլինի Արցախի Հանրապետության միջազգային՝ ապակենտրոն ճանաչման գործընթացում:
Հայ Դատ կենտրոնական խորհրդում հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանն այս առնչությամբ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ստեղծված իրավիճակում նման լուրերը նախկինի պես չեն ընդունվում, բայց հատկապես հիմա իրավունք չունենք որեւէ ուղղությունով թուլացնել պայքարը: Հայ դատի հանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ բանաձեւի ընդունումն ապահովելու նպատակով: