կարևոր
2245 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-30 12:17

Ադրբեջանի վրա կոնկրետ սանկցիաներ պետք է կիրառվեն, քանի որ բանաձևերի և հայտարարությունների վրա այդ երկրում «թքած ունեն». Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի վրա կոնկրետ սանկցիաներ պետք է կիրառվեն, քանի որ բանաձևերի և հայտարարությունների վրա այդ երկրում «թքած ունեն». Նաիրա Զոհրաբյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 7-րդ գումարման խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերին առաջարկեց միասնական ձևով ուղերձով դիմել միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու պահանջով:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հունիսի 30-ի արտահերթ նիստում, անդրադառնալով գերիների հարցին, ասել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն իր հետ զրույցում ասել է, որ «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կարող է մոռանալ ռազմագերիների մասին»։

Զոհրաբյանը պատմել է, որ ԵԽԽՎ-ում ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո, մոտ 40 րոպեանոց առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, որը, հերքելով եւ մերժելով իր բերած բոլոր փաստարկները, կրկնել է իր երկրի քաղաքական ղեկավարության հայտնի կարծրատիպային պատասխանը, թե ռազմագերիներ չունեն, իրենց մոտ ահաբեկիչներ են։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով հանդերձ:

«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերն է փոխանցել Նաիրա Զոհրաբյանը`պնդելով, որ հայկական կողմը զենքերը չպետք է վայր դնի և շարունակի Ադրբեջանի վրա ճնշման այլ միջոցներ կիրառել:

Զոհրաբյանի պնդմամբ, Ադրբեջանի վրա կոնկրետ սանկցիաներ պետք է կիրառվեն, քանի որ բանաձևերի և հայտարարությունների վրա այդ երկրում «թքած ունեն»:

«Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ:  Ես առաջարկում եմ այս խորհրդարանին, ինքս դիմել եմ միջազգային կառույցներին, բայց խորհրդարանի կողմից դիմումը շատ ավելի ազդեցիկ կլինի՝ կոչ անելու հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Օրինակ Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը»,-ասաց նա ու հավելեց, որ կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա: