կարևոր
4255 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-29 21:58

«Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ  և մեզ են տվել իրենց քվեները, մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված: Ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը, և սա մեծ արժեք է: Բոլորս դա պետք է գնահատենք. այդ ամենը եղել է մեր թիմի շնորհիվ: Չնայած բազմաթիվ ճնշումների՝ դուք ստանձնել եք պատասխանատվություն և այն կատարել եք։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ և դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի ավել վիրավորներ, և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրվելու համար։ Ուղղակի տրամաբանական չէ, եթե խոսքը գնում է առողջ հասարակության մասին»- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Արտահերթ այս ընտրությունների հաջորդ յուրահատկությունն այն էր, որ իշխանությունը չէր խոսում ընդհանրապես ապագա ծրագրերի մասին։ Քոչարայնի խոսքով՝ չնայած իշխող կուսակցության կարգախոսը «Ապագա կա» էր, բայց ելույթներում ապագայի մասին ոչինչ չկար։ Սա փաստ է, որը պետք է այսօր արձանագրել։

«Եվ վերջապես, ամենից կարևոր տարբերությունը՝ 2018 թվականին մարդիկ քվեարկում էին մեծ հույսով՝ ապագայի նկատմամբ, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրում, և այդ վերելքի շահառուները լինելու են հենց իրենք՝ ՀՀ քաղաքացիները։ Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էին։ Այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագան։ Եվ բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ Եվ «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել մեր քաղաքացիներին այդ հույսը և այդ ապագան։ Մենք այդ առաքելությունը ստաձնել էինք մեզ վրա: Սա ևս փաստ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները անսպասելի էին դաշինքի համար և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները այլ պատկեր էին նկարագրում: «Հարց է առաջանում, թե ինչո՞ւ կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և այն, ինչ մենք տեսանք։ Կա երկու տարբերակ․ առաջինը՝ մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ երկրում մթնոլորտը այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին մեծ կեղծիքի ծավալ է ապահովել։ Մոտավորապես 200.000 ձայն կասկածելի է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասեն հետագա զարգացումներին:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ընտրություններ են լինում: Նա ընդգծեց, որ ներքաղաքական ճգնաժամը ստեղծվել է պատերազմում պարտվելու, հողային կորուստներ ունենալու և բազմաթիվ մարդկային զոհեր ունենալու պատճառով, իսկ թե արդյոք այս ընտրություններով ճգնաժամը կարգավորվել է, Քոչարյանը նշեց, որ չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին:

«Ըստ էության՝ այն, ինչի համար կազմակերպվել են այս ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Նույն իշխանական թիմը մնացել է իշխանության գլխին, ուրեմն՝ ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով,որ ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր նույնիսկ մեկ տոկոս հավաքած և այս պարտության հետ կապ չունեցող կուսակցության ընտրվելու դեպքում ինքը կհամարեր, որ ճգնաժամը հաղթահարվել է:

«Դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք բավարար ձայներ՝ մեր նպատակների գոնե մի մասն իրականացնելու համար: Ունենք բավականին ուժ՝ իշխանության բեսպրեդելը սահմանափակելու համար: Սա կարևոր գործիքակազմ է, որին տեր ենք լինելու»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար:

Մանարամասները՝ տեսանյութում: