Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է 13 հայ ռազմագերու դեմ քրեական գործով դատավարությունը, իսկ նիստը վարում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովը:
Այսօր դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը: Ռազմագերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով:
Ըստ այդմ՝ հայ ռազմագերիները մեղադրվում են ահաբեկչության, դիվերսիայի, զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման ու տեղափոխման, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորում ստեղծելու, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու համար:
Դատարանի առջև են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը: