Հունիսի 27-ին՝ «Սիրո ճաշ» ծրագրի շրջանակում՝ Սուրբ Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և «Զորավոր» երիտասարդաց միությունը հյուրընկալվել են ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներին՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Մինչ սիրո ճաշի շուրջ համախմբվելը երիտասարդները, Տեր Պետրոսի և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի են մասնակցել:
Տեր Պետրոսը նշել է, որ ծրագրի շրջանակում սա իրենց երրորդ այցելությունն է և ծրագիրն արդեն մեծ ոգևորություն է պատճառել երիտասարդներին, ապա անդրադառնալով ծրագրի նպատակին՝ ասել.
«Ողջ տարվա կտրվածքով ԱՀԹ-ի երիտասարդաց միությունների մասնակցությամբ թեմական տասներկու ազգային-եկեղեցական միջոցառում ենք կազմակերպում և քանի որ միջոցառումները մասսայական են, չէինք կարող խախտել կարանտինի անվտանգության կանոնները, այդ պատճառով ծնունդ առավ «Սիրո ճաշ» ծրագիրը: Այն համայնքային ծրագիր է, այցելում ենք երիտասարդաց միություններին՝ նպատակ ունենալով առավել ջերմացնել երիտասարդաց միությունների միջև եղած կապը, քննարկել առաջիկա ծրագրերը, ներգրաված պահելով նրանց եկեղեցական կյանքին»:
Սիրո ճաշի հիմքը դրել է Քրիստոսը Վերջին ընթրիքի ժամանակ, երբ հաստատել է սիրո խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությունը։ Առաջին դարում քրիստոնյաների հալածանքների ժամանակ քրիստոնյաները հավաքվում էին, աղոթում և Ս. Պատարագի մասնակցում կատակոմբաներում: Հետագայում, երբ քրիստոնյայներին հավասար իրավունքներ տրվեցին, նրանք Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո համախմբվեցին սիրո ճաշի՝ ագապեի շուրջ»:
Առաջին դարից առ այսօր պահպանված այս գեղեցիկ սովորության՝ սիրո ճաշի պատգամն է՝ ապրել ու գործել՝ որպես հիմք ունենալով միայն սերը, քանի որ սերը կենտրոնանում է տալու և ոչ թե ստանալու վրա: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ, Տիրոջ խոսքի համաձայն, սիրով սնելով իր զավակներին, իմաստավորել է նրանց կյանքը մնայուն արժեքներով: Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին, երիտասարդների վերաբերյալ հետևյալ կարևոր հորդորը կտակելով, ասել է. «Երիտասարդները թող այնքան կրթվեն իմաստունների ու առաքինիների մոտ, որ երբ բաժանվեն ու հեռանան նրանցից, կարողանան անկորուստ հիշել նրանց խոսքերը: Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող»: