կարևոր
2167 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-27 16:07

Արմավիրի մարզում գնացքի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել

Արմավիրի մարզում գնացքի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել

Արմավիրի մարզում hունիսի 27-ի ժամը 08:40-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ՀԿԵ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից, երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցման սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:

«Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար», -ասվում է հաղորդագրությունում:

ՀԿԵ-ից հայտնում են, որ 2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9:

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ վարորդներին հորդորել է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել: