կարևոր
4888 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-27 14:04

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կդիմի ՍԴ

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կդիմի ՍԴ

Նորություն չէ, որ ընտրական ռեգիստրը և ցուցակները ուռճացված են։ Դա համակարգային խնդիր է, բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցել է 49 տոկոսը և այդ մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել, սա կարող է տարատեսակն ընտրակեղծարարական մեխանիզմների իրագործման գործիք լինել։ Այս մասին այսօր` հունիսի 27-ին, արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ  Արամ Վարդեւանյանը:

«Մեր կողմից ներկայացված դիմումը տարբերվում էր նրանով, որ մենք փորձել ենք ներկայացնել հարցը ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանության մեջ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի մեջ, քանի որ կարծում ենք՝ հենց այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է, որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակի, այդ թվում՝ համակարգված խախտումներ են տեղի ունեցել: 

Առանձին խնդիր ներկայացնելուց զատ՝ Վարդևանյանը նշեց նաև առհասարակ ընտրական իրավունքի իրացման մասով խնդիրները, որոնք Անձնագրային և վիզաների վարչությունն էր առաջացրել։ Խոսքը հատկապես գնում է Արցախի Հանրապետությունից ստիպված Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց մասով։ 100-ավոր, հազարավոր մարդկանց պարզապես թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, բայց որոշներին էլ թույլ են տվել»,- ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Վարդեւանյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը հստակ է Սահմանադրական դատարանում նշված հարցերը համակցության մեջ և առանձին-առանձին բարձրաձայնելու են։ 

«Եղել են համակարգված խախտումներ. եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության  խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից ավելի քվեի հետ. դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է: Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ»,-ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում:

«ՍԴ-ում 3 որոշում կարող է ընդունվել՝ քվեարկության արդյունքներն  անվավեր ճանաչել, արդյունքներն  անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն  անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,-հավելել է Վարդեւանյանը: