կարևոր
4099 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-27 13:30

ԿԸՀ-ն 3 դիմում է ստացել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

ԿԸՀ-ն 3 դիմում է ստացել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմում բողոքներ են ներկայացրել ԿԸՀ։ Դրանցում, ներկայացնելով նախընտրական քարոզչության, ընտրությունների ու քվեների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերն ու միջադեպերը, ինչպես նաև պետական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց դիտարկումները` պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և նշանակել ԱԺ ընտրությունների վերաքվեարկություն։

Դիմումների քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշել Է, որ իրենք խնդիրը դիտարկել  ու ներկայացրել են ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ  ընտրական գործընթացի ամբողջ շղթայի։

«Մեն գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ անձը, որը զբաղեցնում է բարձրագույն պաշտոն, հրաժարվում է այդ պաշտոնից, բայց շարունակում է պաշտոնավարել, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում»,-ասաց Վարդևանյանը` շեշտելով, որ ՔՊ–ի բոլոր նախընտրական հանդիպումներում, Փաշինյանի թիմի անդամները օգտագործում էին «հանդիպում վարչապետի հետ» արտահայտությունը։

Վարդևանյանը հիշեցրել է զինվորների քվեարկության վերաբերյալ համացանցում առկա տեսանյութը, ինչպես նաև շեշտադրում արեց այն հանգամանքին, որ բնակչության մի ստվար հատվածի` ավելի քան 100 000 քաղաքացու անձնագրերը չեն գործել, և հանձնաժողովի անդամները ստիպված են եղել համակարգչի միջոցով լրացնել տվյալները։

«Սա կարող է որոշակի ընտրակեղծարարության մեխանիզմների իրացման գործիք լինի»,- ասել է Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նշել է՝ ուսումնասիրում են հրապարակված ընտրական ցուցակները, և այդ հարցում ևս որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք կամփոփվեն, և դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան:

Բարձրացված այս խնդրին ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ արդեն 3-րդ համապետական ընտրությունն է, ինչ իր անձնագրի տվյալները ևս համակարգը չի ընթերցում, և դրանք մուտքագրվում են ձեռքով։

Նա նշել է, որ անձնագրային տվյալների մուտքագրման գործընթացը կարող է լիարժեք վերահսկվել հանձնաժողովի անդամների ու տեղամասերում ներկա վստահված անձանց կողմից։ Ինչ վերաբերում է զինծառայողների քվեարկությանը, ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ զինծառայողները քվեարկում են քաղաքացիական տեղամասերում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ թե՛ հանձնաժողովականները, թե՛ վստահված անձինք ու դիտորդները, և թե՛ ԶԼՄ–ները հնարավորություն ունեն հետևելու այդ գործընթացին։

Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է8 ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Այսպիսով` 8-րդ գումարման ՀՀ ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։