Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆը մեկնարկեց Ուելս-Դանիա խաղով, որը կայացավ Ամստերդամում:
Մեկնարկային րոպեներին Ուելսը տիրել էր նախաձեռնությանը, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը: Դանիան շեշտը դրել էր արագ հակագրոհի վրա: Հենց նման մի հակագրոհի ժամանակ էլ` 27-րդ րոպեին, Կասպեր Դոլբերգի հեռահար, դիպուկ հարվածի շնորհիվ Դանիան առաջ անցավ հաշվի մեջ: Ուելսն առաջին կեսի մնացած րոպեներին փորձեց հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն:
Երկրորդ կեսի մեկնարկում Ուելսի հավաքականի պաշտպաններն օգնեցին Դանիային խփել երկրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Կասպեր Դոլբերգը: Ուելսն ամեն կերպ փորձում էր գտնել դեպի Դանիայի դարպասը տանող ճանապարհը, սակայն դանիացիները կարգապահորեն պաշտպանվում էին: Դանիան խաղավարտին մոտ խփեց նաև երրորդ գնդակը` աչքի ընկավ Մելեն: Մինչ մրցավարը կազդարարեր խաղի ավարտը Ուելսի կազմում կարմիր քարտ ստացավ Հարի Ուիլսոնը, որը միտումնավոր գցեց Մելեին: Հանդիպման ավելացված րոպեին Դանիան խփեց նաև 4-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Բրեյթվեյթը:
Ուելս-Դանիա` 0:4:
Դանիան քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ, հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին: