կարևոր
2302 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-26 21:23

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են․ ՀՀ ՄԻՊ

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են․ ՀՀ ՄԻՊ

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։

Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել:

Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով. օրինակ՝ տարածքային կամ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու հարցերում:

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները» ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը, կոպիտ խախտված է անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը։

Շարունակվում է պետական մակարդակով թշնամանքի հրահումը: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով այս պրակտիկան հիմնավորված է Պաշտպանի հատուկ զեկույցում (https://ombuds.am/.../1138b156720bec6ae0fd88dc709eb62c.pdf): Նման պայմաններում ավելորդ է խոսել արդար դատաքննության կամ որևէ այլ իրավունքի մասին:

Հատկապես դատապարտելի է ադրբեջանական իշխանությունների կողմից դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով: Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են):

Մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

Վերջապես, չպետք է մոռանալ այն հիմնարար փաստը, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել:

Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:

Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ:

Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան:

Այս ամենը պետք է նկատի ունենան բոլորը, այդ թվում` հայաստանյան մասնագիտական շրջանակները:

Մարդու իրավունքների պաշտպանը նորից է հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը այս փաստերին և ադրբեջանական իշխանությունների պահվածքին, որ կոպտերեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմքերը, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:

Այս հայտարարությունը անհրաժեշտ ապացույցներով ևս կուղարկվի բոլոր կառույցներին: Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի: