կարևոր
2089 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 18:30

Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել: Այս մասին հայտարարւթյուն է տարածել «Հայաստան» դաշինքը․

«Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների:

«Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում:

«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս օրինականության և իրենց արժանապատվությունը հարգող անձանց աջակցության դիրքերից՝ նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից:

Ելնելով վերոգրյալից՝

1️⃣ Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, հակառակ դեպքում, առանց այն էլ ծանրագույն վիճակում գնտվող և գոյութենական մարտահրավերներ հաղթահարող Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է ներկա վարչախումբը:

2️⃣ Պահանջում ենք Հաաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխել քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը, բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաններին:

3️⃣ Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:

Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին:

Զորավիգ ենք Ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները:

Մենք միասին կարող ենք երկրում ձևավորել պատասխանատու իշխանություն և կերտել ուժեղ Հայաստան»: