կարևոր
2281 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-26 14:22

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը ողջունում է Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ պատվիրակ նշանակելու որոշումը

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը ողջունում է Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ պատվիրակ նշանակելու որոշումը

Մենք ողջունում ենք Ստեֆան Դիոնի նշանակումը Հայաստանում որպես հատուկ դեսպանորդ և անհամբեր սպասում ենք աշխատել պարոն Դիոնի հետ, ասված է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հաղորդագրության մեջ: 

«Նման վճռորոշ ժամանակներում, երբ Հայաստանը բախվում է աննախադեպ մարտահրավերների, որոնք առաջացել են Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից Թուրքիայով աջակցվող սանձազերծած ագրեսիայի հետևանքվ, Կանադայի ներգրավվածության աճը կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանի ամրապնդման, հետպատերազմյան մարտահրավերների լուծման գործում, ինչպես նաև Արցախյան հակամարտության արդարացի կարգավորմանը, որը հիմնված է բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի և անկախության ցանկության վրա:
Կանադա-Հայաստան առավել խորը և ամուր հարաբերությունների համար Կանադայի Հայ Դատի գրասնեյակի անխոնջ քարոզչության արդյունքում մենք հուսով ենք, որ պարոն Դիոնի նշանակումը շոշափելի արդյունքներ կտա և կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք վաղուց վեր են հանվել են Հանձնախմբի կողմից:

Պարոն Դիոնը հայ-կանադական համայնքի վաղեմի ընկերն է, և մենք վստահ ենք, որ նրա գիտելիքի և փորձի հարստությունն անկասկած կամրապնդի Կանադա-Հայաստան հեռանկարային հարաբերությունները: Մենք անհամբեր սպասում ենք պարոն Դիոնի և նրա թիմի հետ շփվելուն առաջին իսկ հնարավորությանը և հաջողություն մաղթում նրան իր նոր դիվանագիտական ​​գործում»,- ասված է ՀՅԴ Հայ դատի Կանադայի Հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն այսօր հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին նշանակվել է Հաայստանում հատուկ դեսպանորդ։ Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվաւոմ է, որ այս առաքելության արդյունքում կամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության: Հատուկ բանագնացը կուսումնասիրի այն տարբերակները, որոնց միջոցով Կանադան կխթանի Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, կամրապնդի ժողովրդավարական կառույցները, կընդլայնի բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տնտեսական աճին:

Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ, հայտնում է աղբյուրը: