կարևոր
2401 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-26 12:44

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Հարությունյանը

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Հարությունյանը

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ Գեորգի Արշակի Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի էջից։

«Նա անվանի հանդբոլիստ էր, սպորտային բժշկության մասնագետ, հանրապետության բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնությունների և մրցաշարերի մասնակից: 1958-2007 թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական հսկողություն և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնում, 1975թ.՝ նույն ինստիտուտի սպորտային բժշկության և վերականգնողական ամբիոնի վարիչ: Պրոֆեսորը եղել է ստոմատոլոգիական, մանկաբուժական, սանիտարահիգիենիկ ֆակուլտետների դեկան: ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամը 1975-2000 թթ. առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն էր սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի հարցերով: Տարիներ շարունակ նա նաև աշխատել է բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի և գիտքարտուղարի պաշտոնում: Գիտական գործունեությունը նվիրված է սպորտային բժշկության, բուժական ֆիզկուլտուրայի, ռեաբիլիտացիայի, մանկական սրտաբանության, ֆիզիկական դաստիարակության հարցերի ուսումնասիրությանը: Ավելի քան 100 աշխատությունների հեղինակ է: Ցավակցում ենք համալսարանի նախկին երկարամյա աշխատակցի ընտանիքի անդամներին, գործընկերներին, հարազատներին:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 28-ին՝ ժամը 11.00-12.30-ից՝ նույն եկեղեցուց Կարմիր Բլուր գերեզմանատանը»,-նշված է հաղորդագրությունում: