Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։
Վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։