Բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպանները կոչ են անում ՀՔԾ-ին վերադառնալ իրավական դաշտ․
«Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրերա կազմում ու դա դրվումա քրեական գործ հարուցելու հիմքում: Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին: Կոչ ենք անում անհապաղ զննության ենթարկել 168.am կայքում առկա ամբողջական տեսանյութը Պրոֆեսորի մասնակցությամբ և հրապարակավ արձանագրել, որ հիմնավոր կասկած չի կարող լինել «ում ուզում եք ընտրեք կամ մի ընտրեք» «պատասխանատու ասում եմ ռեպրեսիաներ չեն լինելու» հայտարարության պայմաններում, որը «Բաղրամյան 26»-երը մոնտաժել էին: Ի վերջո ԿՈՉ ԵՆՔ անում անհապաղ վերացնել Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը և վերադառնալ իրավական դաշտ»,-նշել են պաշտպանները:
Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։