կարևոր
1810 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-24 22:28

Ես վարչապետի պաշտոնին մնացի, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից․ Սերժ Սարգսյանը՝ BBC-ին

Ես վարչապետի պաշտոնին մնացի, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից․  Սերժ Սարգսյանը՝ BBC-ին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանին։ Նա խոսել է իր օրոք բանակցային գործընթացի մասին և բացահայտել մանրամասներ։ Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից։

– Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչ մի թիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։

Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։

Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։

Ես վարչապետի պաշտոնին մնացի՝ ընդառաջելով գործընկերներիս հորդորներին՝ միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց ցավոք սրտի ինձ դա չհաջողվեց։

– Այսինքն մնացիք հարցի լուծման համա՞ր, և ես եզրակացնում եմ, որ շատ ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, և դուք շատ շուտով ակնկալում էիք ինչ-որ փաստաթղթի ստորագրո՞ւմ։

– Այո։

– Ի՞նչ կարելի էր սպասել։

– Ադրբեջանցիները, իհարկե, պետք է ճանաչեին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը անպայման պետք է ունենար իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում՝ առանց կամարտահայտման օրը նշելու։ Դա կլիներ մեր նվազագույն շեմը։ Մենք կպարտավորվեինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ամուր կապրեինք երկու շրջանի վերադարձը հանրաքվեի անցկացման օրվա հետ՝ բացառությամբ միջանցքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման գործընթաց։

– Նախագահ Ալիևը համաձա՞յն էր։

– Գրեթե։ Ադրբեջանի նախագահը 2016-ի աշնանը՝ ապրիլյան դեպքերից հետո, հայտարարել էր, որ փակ դռների հետևում նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա մեկ։ Երկրորդ՝ 2020-ի պատերազմից հետո, երբ նա Լաչինի շրջանում էր, նա ասել էր, որ ենթադրվում էր՝ Լաչինն ու Քելբաջարը թողնել հայերին։ Դա իր ասածներն են։ Ալիևը կարող էր չհամաձայնել, բայց դրա համար գոյություն ունի միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Խաղաղապահները կկանգնեին մեր կողմից, և կարծում եմ՝ խնդիրը կլուծվեր։