կարևոր
1891 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-24 18:47

Կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է վաստակաշատ բժշկի առողջությունը. Մայր Աթոռի հայտարարությունը Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ

Կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է վաստակաշատ բժշկի  առողջությունը. Մայր Աթոռի հայտարարությունը Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ

Մայր Աթոռի հայտարարությունը Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ․

«Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։