Ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մեկ ամսով կալանավորել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին: Դատարանը արձանագրել է ինչպես կալանավորման պայման հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես՝ քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Մենք դա պնդել ենք դատական նիստի ժամանակ, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ, որ այստեղ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմուքների հիման վրա։ Մենք չենք ընդունում դատարանի որոշումը, միանշանակ բողոքարկելու ենք, որոշումը ոչ իրավաչափ է»,- ասաց փաստաբանը։
Ալեքսանյանը ընդգծեց, որ քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը։
«Քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով հրապարակված տեսաձայնագրությունը։ Ձերբակալման իրավաչափությունը քննելու ժամանակ դատարանը շեշտը դրել է հենց նրա վրա, որ այդ ալիքի կողմից տարածված ձայնագրությունը անհայտ աղբյուրից տրամադրված ձայնագրություն է, ինչը հավասարազոր է անոնիմ (անանուն- խմբ.) հաղորդմանը։ Քրեական դատավարության տեսությունից բոլորս գիտենք, որ անոնիմ հաղորդումը երբեք որպես քրեական գործ հարուցելու առիթ չի կարող հանդիսանալ»։
Փաստաբանը շեշտեց, որ եթե գործ ունենք ոչ իրավաչափ վարույթի հետ, հետևաբար՝ այդ վարույթի շրջանակներում ձեռք բերված յուրաքանչյուր փաստական տվյալ անթույլատրելի է։
«Մենք գործ ունենք անթույլատրելի փաստական տվյալների հետ, ինչը իրավաբանությունից հեռու է։ Նման պայմաններում դատարանը չէր կարող հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը»։
Ալեքսանյանը նշեց, որ ներկայացված ցուցմուքներով ավելի շատ հերքվում էր հիմնավոր կասկածը և այդ տվյալները վկայում են հակառակի մասին։
«Եթե ցուցմոնւք տվող անձինք տվել են պաշտպանողական ցուցմունք, տրամաբանությունը որն է, որ պարոն Չարչյանը կարող էր նրանց վրա ազդեցություն ունենալ։ Մենք միանշանակ բողոքարկելու ենք որոշումը։ Օրենքով սահմանված է հնգօրյա ժամկետ դատական ակտը բողոքարկելու համար, մենք միանգամից ձեռնամուխ ենք լինելու դրա իրագործմանը»,- նշեց Ալեքսանյանը։