կարևոր
2128 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-23 20:02

Ապամոնտաժումները կատարվում են օրենքով սահմանված ընթացակարգի անտեսմամբ ու խախտմամբ

Ապամոնտաժումները կատարվում են օրենքով սահմանված ընթացակարգի անտեսմամբ ու խախտմամբ

Նախօրեին Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ոստիկանության ուժերի աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:

Սակայն սրան հակադարձում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ ապամոնտաժումները կատարվում են օրենքով սահմանված ընթացակարգի անտեսմամբ ու խախտմամբ: Փաստաբանի խոսքով՝ մարդկանց սեփականությունը որակում են որպես ապօրինի կառույց, մինչդեռ զգալի մասը գտնվում է դատական գործընթացների մեջ:

«Այսպիսի վերաբերմունքը օրեր առաջ նույն վարչական շրջանում՝ ինչ-որ խմբերի հետ հակադրման հետեւանք է, մինչդեռ այս մարդիկ դեռեւս չեն հասկանում, որ ապրում ենք 21-րդ դարում, որտեղ այլեւս չի գործում միջնադարին բնորոշ կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը»,- գրել է Րաֆֆի Ասլանյանը:

Քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել կառույցները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ քիչ առաջ գրառմամբ տեղեկացրել է, որ ըստ իրենց՝ ապօրինի շինություններ, քանդվում են ոչ միայն Աջափնյակում:

«Լուսանկարները Էրեբունիից են՝ Մուրացան 114/3 եւ Էրեբունի 28 շենքերի մոտ: Ընդ որում, քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում՝ համատեղ ուժերով»: