Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Բացի այդ, Մարությանը նաեւ հայտարարել է, որ նույն հիմքով Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանին:
Նիստում որոշում է կայացվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։
Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն էլ նշել է, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ 2 ստորագետնյա և մինչև 6 վերգետնյա հարկերով առևտրի կենտրոնից, ինչպես նաև 14, 16 20 հարկերից բաղկացած հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերից:
Որոշումն ընդունվեց՝ 30 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ: