կարևոր
5356 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-22 13:02

Պայքարը շարունակվում է ողջ ուժով. խրամատները պետք է ամրացնել հետագա գրոհի համար. Ռոբերտ Քոչարյան

Պայքարը շարունակվում է ողջ ուժով. խրամատները պետք է ամրացնել հետագա գրոհի համար. Ռոբերտ Քոչարյան

Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու։ Մշակում ենք ռազմավարություն, մեր դաշինքից ՀՅԴ-ն ունի խորհրդարանական երկարատեւ փորձ, մենք կմշակենք ռազմավարությունը եւ մոտակա ժամանակահատվածում կներկայացնենք հանրությանը,-պատասխանելով հարցին, թե արդյոք արտահերթ ընտրությունների համար դաշինքը շարունակելո՞ւ է հետագա պայքարը՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում։

«Երեկ քննարկում էինք և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց, ասաց, որ պատերազմի ժամանակ եթե ամբողջական խնդիրը չես լուծում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա պետք է այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, բայց քաղաքական պայքար է, ու այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև այս պարագայում։ Ես, այո՛, համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ նոր հնարավորություններ»,– ասաց Քոչարյանը։

Մանդատները վերցնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, սակայն խորհրդարանական լծակները, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, դաշինքին իրավունք են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով։

«Առաջինը երկրի համար 1 ամբիոնն է, որը հնարավորություն է տալու  ավելի մեծ հնարավորություններով վեր հանել առկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը հատկապես գնումների գործընթացներում եւ մի շարք այլ ոլորտներում։ Մենք մի շարք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Անկասկած մեր օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու հարցը։ Բա էլ ինչի՞ համար ենք մտնելու խորհրդարան։ Դուք կարծում եք ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան։ Ո՛չ, գնում ենք իշխանություն վերցնելու և երկրի համար պատասխանատվություն կրելու համար»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքն անձամբ կվեցնի՞ մանդատը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ հակված է հրաժարվել իր խորհրդարանական մանդատից։

«Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան։ Մի մասը կարծում է, որ ճիշտ է՝ ես լինեմ խորհրդարանում և օգտագործեմ խորհրդարանի ամբիոնն ու հնարավորությունները՝ քաղաքական պայքարի համար, մի մասը համարում է, որ չարժե։ Անձամբ այդպիսի ցանկություն չունեմ, հակված եմ դա չանելու, բայց դեռ վերջնական որոշում չունեմ։ Պետք է սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի կայացնեմ այդ որոշումը։ Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյո՞ք ինքն անձամբ կվեցնի մանդատը, ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ ի՞նչ պահանջով են դիմելու Սահմանադրական դատարան, Քոչարյանը նշեց, որ դեռևս ամբողջական ինֆորմացիա չունեն:

«Հավաքել ենք բոլոր շտաբների ղեկավարներին, որ ամբողջացնեն խախտումները, քանի որ տարաբնույթ խախտումների վերաբերյալ դեռ ստանում են տեղեկություններ, դրանից հետո նոր կորոշենք՝ ինչ ենք պահանջելու ՍԴ-ից»։

«Իշխող կողմը կասկածում էր, որ մեր դաշինքի շտաբներում տեղադրված են բուկլետեն տպելու մեքենաներ: Շտաբները բոլորը վարձակալված են, այսինքն՝ կարծում են՝ այդ տարածքներում տպարաններ ենք սարքել։ Այդ աստիճանի աբսուրդի հասցրած քայլերով փորձում են խաթարել մեր շտաբների աշխատանքը։ 60-ից ավելի մարդ բերման էր ենթարկվել։ Նպատակն այն էր, որ այդ մի քանի ժամվա ընթացքում խաթարեին այն գործունեությունը, որ շտաբներն իրականացնում են»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Վահե Հակոբյան էլ հավելեց, որ խախտումների մասին ամբողջական տեղեկատվությունը ստանալուց և վերլուծելուց հետո հստակ պահանջը կկազմեն և կդիմեն Սահմանադրական դատարան, քանի որ ամեն պահի ստանում են խախտումների մասին տեղեկություններ: