կարևոր
1528 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 10:41

ԱԱԾ-ն անօրինական խուզարկություններ է սկսել «Հայաստան» դաշինքի Սյունիքի շտաբերում․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԱԾ-ն անօրինական խուզարկություններ է սկսել «Հայաստան» դաշինքի Սյունիքի շտաբերում․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Սիսիան քաղաքում շտաբերի խուզարկության օպերացիան  աննախադեպ խայտառակություն է

Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին,  որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա:

 Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի  որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ  քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարանների  կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:

Միաժամանակ  տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել  է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան»  դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը,  ինչը աննախադեպ է և նախկինում երբևէ չհանդիպած խայտառակություն:

 Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երևան, իբր բացատրություն վերցնելու նպատակով:

Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական միջոցները «Հայաստան»  դաշինքի բնականոն գործունեության և քվեարկության գործընթացը անհապաղ վերականգնելու նպատակով:

Դիմում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով: