Արմեն Չարչյանը Հատուկ Քննչական Ծառայությունում է։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանն այսօր ձերբակալվել է։
Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, իսկ որպես ձերբակալման հիմք նշված է հանցանք կատարելուց անմիջապես հետո բռնվելը, որպես նպատակ՝ հանցագործությունը կատարելուց հետո Արմեն Չարչյանի փախուստը կանխելու, ինչպես նաև նրա կողմից ընտրողների ազատ կամքի իրականացմանն ապօրինի խոչընդոտելու առկա վտանգը չեզոքացնելու նպատակներով։ Մինչդեռ՝ Չարչյանն ընդհանրապես չի ընդունում ձերբակալման հիմնավոր կասկածը, քանի որ որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, և այդ կասկածանքը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, դիտարկում է որպես իր նկատմամբ իրականացվող բացառապես քաղաքական հետապնդում, քանի որ հանրահայտ փաստ է, որ ինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է։
Ալեքսանյանը հայտնել է, որ ձերբակալումը իրավաչափ չէ այնքանով, որքանով Չարչյանը չի ձերբակալվել ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո, ինչը ենթադրում է ենթադրյալ հանցանք կատարելուց հետո ողջամիտ ժամկետում, մինչդեռ՝ Չարչյանն իր աշխատակիցների հետ զրուցել է այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, իսկ փաստացի արգելանքի տակ է վերցվել դրանից մոտ 9 ժամ և 10 րոպե հետո, ինչը բավարար է արձանագրելու, որ խոսք չի կարող գնալ ենթադրյալ հանցավոր արարքը կատարելուց հետո բռնելու մասին։
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը բողոք կներկայացնեն դատարան՝ Արմեն Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ։