Անցնող օրերի ընթացքում մենք առավելապես անտեսեցինք հակառակ կողմի զրպարտությունները, վայրահաչոցները, մենք հիմարությունների վրա ժամանակ չծախսեցինք, մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: Այս մասին այսօր ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ:
««Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը: Մենք ունենք մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մերը չէ, սա յուրաքանչյուր հայ մարդու կռիվն է, այսօր մենք փաստեցինք, որ այն հաջողել ենք»-նշեց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի անունից խոստացավ, որ յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան են տալու և հաշվետու են լինելու:
«Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությանը չենք դավաճանելու: Հունիսի 20-ը մեր աշխատանքները ամփոփելու և մեր հաղթանակը արձանագրելու օրն է»,- եզրափակեց Սաղաթելյանը: