կարևոր
2077 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-18 14:37

«Հայաստան» դաշինքի ծրագիրը լրամշակվում է քաղաքացիների առաջարկությունների ներառմամբ. Արմեն Գեւորգյան

«Հայաստան» դաշինքի ծրագիրը լրամշակվում է քաղաքացիների առաջարկությունների ներառմամբ. Արմեն Գեւորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Telegream-ի իր ալիքում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրապայքարի մեկնարկին «Հայաստան» դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր համակողմանի նախընտրական ծրագիրը՝ «365 օր, ապագան սկսվում է հիմա» վերտառությամբ:
Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի աշխատանքային խումբը բազմաթիվ առաջարկություններ և գործնական դիտողություններ է ստացել մեր քաղաքացիներից: Եվ մեր նախընտրական ծրագիրը լրամշակվում է նաև ձեր առաջարկությունների ներառմամբ։

Այդ առաջարկությունների ամփոփման հետ կապված վերջին օրերի քննարկումների արդյունքում ձևավորվել է 4 փաստաթուղթ, մասնավորապես.

1 . Իրավական եվ  հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները
2. ՓՄՁ զարգացման ռազմավարական մոտեցումները
3. Վետերանների հարցերով պետական գերատեսչության վերաբերյալ նախագիծ
4. Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական մոտեցումները:

Այս փաստաթղթերին կարող եք ծանոթանալ մեր դաշինքի պաշտոնական կայքէջում՝ դաշինք.հայ հասցեով:

Նշենք նաև, որ այժմ ամփոփվում են նաև պետական գնումների ոլորտին  վերաբերող առաջարկություններն ու նկատառումները: Ըստ այդմ՝ մշակման փուլում է 5-րդ փաստաթուղթը հետևյալ աշխատանքային անվանմամբ՝ «Վերջին 3 տարիների ընթացքում պետական գնումների ոլորտում ծագած խնդիրները, առկա կոռուպցիոն սխեմաները և դրանք վերացնելու ուղիները»: Այս կարևոր խնդրին վերաբերող փաստաթուղթն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին: 
 
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհակալ ենք՝ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի նկատմամբ ձեր ուշադրության, քաղաքացիական ակտիվության ու վերաբերմունքի և, ինչ խոսք, ձեր ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների, դիտողությունների, քննարկումային կարևոր խնդիրներ առաջադրելու համար:

Միաժամանակ, հավաստիացնում ենք, որ մինչ այժմ ներկայացված ձեր առաջարկությունների հետ կապված աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, ինչպես շարունակվում է առաջարկությունների ընդունման, համակարգման գործընթացը:

Կարող եք լիովին վստահ լինել, որ այդ առաջարկություններից շատերն  արտացոլվելու են Կառավարության առաջիկա գործունեության ծրագրերում:

Սիրելի հայրենակիցներ, նաև դրա համար կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը հունիսի 20-ի ընտրություններին, ուստի կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում նոր և պատասխանատու, կարողունակ և ազգային իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը»: