կարևոր
23917 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-17 21:36

ԲՀԿ-ն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավը

ԲՀԿ-ն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավը

Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի Թումանյան փողոցից մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և նրա համակիրների երթը դեպի Ազատության հրապարակ։ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն եղել է հանրապետության տասը մարզերում, քարոզչական խմբերը շրջել են բոլոր համայնքներով. «Բոլոր համայնքներում, մարդկանց աչքերում տեսել ենք տագնապ, տեսել ենք վախ, անհանգստություն`իրենց եւ իրենց երեխաների ճակատագրի հետ կապված: ԲՀԿ-ն ասում է`մեզ տալով ձեր քվեն, ձեր երեխաների ապագան լինելու է անվտանգ, ՀՀ-ն լինելու է հզոր, զարգացող եւ բարեկեցիկ պետություն»:

Իվետա Տոնոյանի գնահատմամբ, ԲՀԿ-ն երբեք պոպուլիստական խոստումներ չի տվել եւ միշտ կատարել է իր խոստումները, նաեւ`իրենք ոչ սեւ են, ոչ սպիտակ, իրենք մերժում են հասարակության բաժանումը:

ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Միքայել Մելքումյանն էլ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատություններին`սոցիալական բնույթ ունեցող մինչեւ երեք միլիոն վարկերը ներելու ԲՀԿ-ի ծրագրի հասցեին, Միքայել Մելքումյանն ասաց. «Երկրի ղեկավարն ասում է`եթե Ծառուկյանը սեփական բանկ ունենար`չէր անի: Տո այ`ան… չասեմ ինչ, դու չես հասկանում, որ հակառակը վարկ ենք բերելու: Մենք թույլ չենք տա, որ թուրքական կապիտալը գա մեր երկիր եւ մենք դառնանք թուրքահպատակ»:

Գագիկ Ծառուկյանն ասաց`գալիս է փրկելու հայրենիքն ու ժողովրդին. «Դուք բոլորդ տեսաք, որ Ալիեւն ու Էրդողանն եկան մեր հող`Շուշի, իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին: 6 ամիս է ասում եմ`հարկավոր ա Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրել, մեր բարեկամ երկրի հետ`ռազմաքաղաքական: Ես դա իմանալով, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, թուղթ ստորագրեցին, որ ցանկացած պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի կողքն է լինելու, մեր դարավոր բարեկամը Ռուսաստանն է, մենք պետք է իր հետ անկեղծ լինենք, վերականգնենք կապերը»:

Գագիկ Ծառուկյանը քննադատեց գործող իշխանության քաղաքականությունը. «Եվրոխորհրդարանում քննարկում ա լինում, որ ասենք թե լիարժեք, Հայաստանը դեմ է լինում ՌԴ-ին: Բա ո՞նց է Ռուսաստանի հետ բարեկամական կապերը լավ: Մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հետ միասին, ոչ թե, ինչ-որ լինում է մեր ռուս գործընկերների վրա գցենք»:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ, իսկ պայմանագրային զինծառայողներին մեկ միլիոն դրամ պետք է վճարել, ոչ թե 150 հազար: Անվտանգային խնդիրները ԲՀԿ վարչապետի թեկնածում առաջնային է համարում:

«Սևերի ու սպիտակների բաժանելով, մեկս մյուսի դեմ լարվելով՝ այսօր մենք վտանգի առաջ ենք կանգնում։ 2020 թվականի հունիսի 5-ին ես ասել եմ, որ վտանգի առաջ ենք, Արցախը կորցնելու ենք, գնում էին բանակցությունների, ասում էի՝ ի՞նչ եք բանակցել, ասում էին՝ սուրճ ենք խմել, պետք է հարցադրում արվեր, բանակցությունում դրված է Արցախի միջազգային ճանաչումը, այդպիսի բան չէին ասում, հունիսին ասել եմ, ձերբակալել են իմ ասելու համար, 4 ամիս հետո պատերազմը սկսվեց, Արցախը կորցրեցինք»,- ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ նույն վտանգը նաև սպառնում է Սյունիքին ու Գեղարքունիքին։ 

Այնուհետև Ծառուկյանն անդրադարձավ սոցիալ-տնտեսական հարցերին: Ասաց, որ գները, հատկապես սննդամթերքի գները բարձրացել են, դրամն է արժեզրկվել 10 տոկոսով, բայց իշխանությունները, օրինակ, ինդեքսացիայի չեն ենթարկել մարդկանց կենսաթոշակները, աշխատավարձերը, և մարդիկ գնալով ավելի վատ են ապրում։ Նա առաջարկեց ինդեքսացիայի ենթարկել թոշակներն ու աշխատավարձերը, որպեսզի մարդիկ կարողանան գնել գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները։