կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 17:04

10 սուտ և մանիպուլյացիա (մաս 2-րդ). Արմեն Գեւորգյանի դիտարկումները քարոզարշավի վերաբերյալ

10 սուտ և մանիպուլյացիա (մաս 2-րդ). Արմեն Գեւորգյանի դիտարկումները քարոզարշավի վերաբերյալ

Այն տեղեկատվությունը, որ ուզում եմ այսօր ներկայացնել ձեր ուշադրությանը, հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, բաժանվել է երկու մասի: Բայց խնդրում եմ այն  ընկալել որպես մեկ միասնական ուղերձ: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:

«10 սուտ և մանիպուլյացիա
(մաս երկրորդ)

7.     Կհրաժարվեն հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտահարկով փոխհատուցելու սխեմայից

Հակառակը, մենք պահպանելու ենք այդ պրակտիկան և խրախուսելու ենք նման մեխանիզմները, հատկապես ընդլայնելով դրանք մարզերում և քաղաքացիների որոշակի խմբերի, մասնավորապես գյուղերում երիտասարդ ընտանիքների, հայրենադարձների համար և այլն:

8.     Լինելու են այսպես ասված օպտիմիզացիաներ, կրճատումներ պետական ապարատում

Նման ծրագրեր չկան: Մենք մարզերում ամբուլատորիաներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլ կառույցներ չենք փակելու: Մենք կասեցնելու ենք ոստիկանության, ԴԱՀԿ մարմիններում բարեփոխումների անվան տակ պետծառայողների կրճատման գործընթացները: Մենք սեղմ ժամկետներում իրենց աշխատանքում վերականգնելու ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական հայացքների պատճառով ապօրինաբար ազատվել են աշխատանքից, այդ թվում հաստիքների կրճատման հիմքով:

9.     Պետական կառավարման և տեղական համակարգեր կվերադառնան այսպես կոչված «օդիոզ դեմքերը»

Դա սուտ է: Մենք մեր հասարակությանը հրապարակավ ներկայացրել ենք մեր թիմը: Մենք համագործակցում ենք ժամանակակից և բարձր որակավորմամբ մասնագետների հետ: Մեր ձգտումն այն է, որ առավելագույն թվով նոր դեմքեր ներգրավենք, այդ թվում սփյուռքից՝ երկրի  կառավարման գործընթացների բոլոր մակարդակներում: Մեր համայնքներում վերջին տարիներին ի հայտ են եկել իրենց բնօրրանի զարգացման գործին նվիրված երիտասարդ գործիչներ: Մենք հատկապես խրախուսելու ենք իրենց և հենվելու ենք իրենց ներուժի վրա:

10. Կրճատվելու են ճանապարհաշինարարության ծավալները և տեղական համայնքների սուբվենցիոն ծրագրերը

Մենք ոչ միայն շարունակելու ենք եղած ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, այլև ձեռնամուխ ենք լինելու նոր ճանապարհների կառուցմանը և գոյություն ունեցողների կապիտալ վերակառուցման: Հատուկ ուշադրություն է սևեռվելու գյուղական ճանապարհների վիճակի վրա: Մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս կարճ ժամկետներում ավարտենք մի շարք ճանապարհների՝ արդեն երկար տարիներ  տևող շինարարությունը:  Մենք կառուցելու ենք նոր թունելներ և կամուրջներ, կառուցելու ենք նոր ջրամբարներ ու ոռոգման ջրագծեր: Երկիրը կվերածվի մի մեծ շինհրապարակի: Աշխատանքների մի շարք կոնկրետ ուղղություններ նշված են մեր ծրագրում: Համայնքների սուբվենցիաների ծրագիրը գործարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, և մենք այն շարունակելու ենք ավելի մեծ ծավալով՝ տնտեսական աճին զուգընթաց:

Եվ այսպես, ակնհայտ է, որ Նիկոլի կառավարող խունտան կեղծ տեղեկություններ տարածելով «Հայաստան» դաշինքի իբր թե ունեցած ծրագրերի մասին, իրականում խոսում է  ապագայի վերաբերյալ իրենց մտադրությունների մասին: Հարկերի, սակագների  բարձրացման, պետական սեկտորում կրճատումների պարտավորությունները Նիկոլն ու իր թիմը արդեն ստանձնել են և ընտրություններից  անմիջապես հետո անցնելու են դրանց իրականացմանը: Նրանց հարկադրելու են անել այդ ամենը՝ որպես իրենց կողմից պարտք վերցրած 2 միլիարդ դոլարի վերադարձի երաշխիք: Բայց նրանք դա թաքցնում են հասարակությունից:
          
Եվ վերջինը: Գիտենք, որ Հայաստանի շատ ընտրողներ քվեարկում են տրվելով զգացմունքներին: Բայց այս անգամ ուղղակի խնդրում ենք բոլորին՝ ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ:

Քարոզարշավը ցույց տվեց, որ Քոչարյանը՝  իր թիմով,  փորձով ու մոտեցումներով, աշխարհում և սփյուռքում ունեցած կապերով և հնարավորություններով կարող է շտկել երկրի վիճակը: Նա կարող է դուր գալ, կամ ոչ, նրան կարելի է վերագրել Հայաստանի նախորդ բոլոր իշխանություննի մեղքերը, բայց նա միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք: Հավատացեք վերջին երեք տարիները մեզ համար շրջադարձային էին, որպեսզի համարժեք գնահատենք անցյալը և թույլ չտանք շատ սխալների ու բացթողումների կրկնություն»:

Մաս 1-ը՝ այստեղ: