կարևոր
1108 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 13:15

10 սուտ և մանիպուլյացիա (մաս առաջին). Արմեն Գևորգյան

10 սուտ և մանիպուլյացիա (մաս առաջին). Արմեն Գևորգյան

Այն տեղեկատվությունը, որ ուզում եմ այսօր ներկայացնել ձեր ուշադրությանը, հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, բաժանվել է երկու մասի: Բայց խնդրում եմ այն  ընկալել որպես մեկ միասնական ուղերձ: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը

«10 սուտ և մանիպուլյացիա
(մաս առաջին)

Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները, ոչ մի հնարավորություն չունենալով կանգնեցնել «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության հետաքրքության ու վարկանիշի աճը, սկսել են ստեր, բանսարկություններ և կեղծ տեղեկություններ տարածել մեր ծրագրերի մասին: Այդ բանսարկությունները հանգում են նրան, որ եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն, ապա իբր

1. Փակվելու են շատ աշխատատեղեր

Նման խոսակցություններ առանձնապես տարածվում են թեթև արդյունաբերական ոլորտում աշխատող կանանց շրջանում: Սա ոչ միայն սուտ է, այլև բացարձակ անհեթեթություն: Քոչարյանը և իր համախոհները միշտ բացել են աշխատատեղեր: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանվեն գործող աշխատատեղերը, ինչպես նաև՝ կստեղծենք նորերը, հատկապես հեռավոր համայնքներում: Մեր թիմի հիմնական առավելություններից մեկը հենց նոր աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու կարողությունն է:

2. Կրճատվելու են թոշակները, նպաստները և այլ պետական վճարումները

Ոչ մի կրճատում չի լինելու: Դա սուտ է, կեղծիք: Մեր թիմը ձգտելու է լավացնել երկրի տնտեսական վիճակը և սեղմ ժամկետներում սկսել կենսաթոշակների, սոցիալական վճարումների աստիճանական ավելացումը:

3. Կսկսվի հարկային ստուգումների և ճնշումների նոր ալիք

Մեր դաշինքը արդեն հանրությանը ներկայացրել է իր ռազմավարական մոտեցումները փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ: Դրանցում մասնավորապես ասված է, որ առաջիկա տարիներին դադար է հայտարարվելու  պետական և մունիցիպալ հաստատությունների կողմից իրականացվող ստուգումների վրա, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվելու է այդ պրակտիկան: Պահպանվելու են հարկային և մաքսային վարչարարության բոլոր դրական ավանդույթները: Հնարավոր փոփոխությունները կներդրվեն բացառապես միայն բիզնես հանրության հետ քննարկումներից և նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո:

4. Բյուջե են վերադարձվելու վերջին 2 տարվա ընթացքում պետծառայողներին տրված պարգևավճարները

Սուտ է։ Մենք նախատեսում ենք վերադարձնել գաղտնի պարգևավճարները, բայց բացառապես միայն նրանցից, ովքեր զբաղեցրել են խորհրդարանի պատգամնավորի, կառավարության անդամի և պետական այլ մարմինների ղեկավարի պաշտոն: Սա նախատեսում ենք միայն նրանց համար: 

5. Բարձրանալու են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները

Քոչարյանը և իր թիմը մեծ հնարավորություններ ունեն՝ մեր երկրի համար գազի գնման սակագնի ավելի ընդունելի պայմանավորվածության հասնելու: Իսկ դա նշանակում է, որ սակագների նոր բարձրացումներ երկրի ներսում չի լինելու: Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ոռոգման ջուրը ավելի մատչելի դարձնենք գյուղացիների համար:

6. Բարձրացվելու են հարկերը և ներդրվելու են նորերը

Նման ծրագրեր չկան: Հակառակը, մեր թիմը կողմնակից է, որ  սառեցվեն գույքահարկի գործող, վերջերս ներդրված դրույքաչափերը: Մենք հանդես ենք գալիս  Փաշինյանի արդեն ընդունած այն ծրագրերի դեմ, որոնցով նախատեսվում է ԱԱՀ կիրառել բժշկական ծառայությունների և կրթության ոլորտում, շրջանառության հարկով  հարկման շեմը իջեցնել (115 մլն դրամից մինչև 58 մլն դրամ)»: