Ինչքան նախընտրական արշավը մոտենում է իր կուլմինացիային, այնքան ավելի վճռական ենք դառնում, այնքան ավելի ենք հզորանում, այնքան ավելի պարզ է դառնում, որ հունիսի 21-ին Հայաստանում լրիվ նոր իրականություն է լինելու, և Հայաստանը վերջապես թոթափելու է այս խավարը և վերադառնալու է դեպի զարգացում, որ այլևս որևէ մեկը, որևէ շուն ու շանգյալ չհամարձակվի Հայաստանին սպառնալ, չհամարձակվի Հայաստանին վերևից նայել։ Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շիրակի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Մենք գիտենք թե՛ Հայաստանի խնդիրները, թե՛ Շիրակի մարզի խնդիրները և թե՛ Անի խոշորացված համայնքի խնդիրները՝ ջրի խնդրից սկսած, որ հարավում գյուղերը նույնիսկ դույլով ջուր են առնում Թալինից, վերջացրած մթերման խնդիրներով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Մեր որևէ խոստում դատարկ հնչած կրակոց չէ,- ասաց նա։- Մեր քաղաքական ուժերի և նախագահի ամբողջ կյանքի ճանապարհը ցույց է տալիս, որ որևէ խոստում դատարկ տեղը չի եղել՝ ինչ խոստացել ենք, դա էլ արել ենք, ինչը որ չենք հասցրել՝ ամսի 21-ից հետո իր ավարտին կհասցնենք»։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ աղետի գոտին կառուցվեց 1998-2008 թվականներին, կառուցվեց՝ բազային խնդիրը լուծվեց, հիմա զարգացման խնդրի առաջ ենք կանգնած։
«2021 թ․-ի հունիսի 21-ից հետո սկսվելու է «աղետի գոտի» արտահայտության մոռացության ժամանակաշրջանը, այլևս Շիրակի մարզ ասելով՝ որևէ մեկի մտքով չպետք է անցնի «աղետի գոտի» հասկացությունը, պետք է Շիրակի մարզը դառնա ամենաարագ զարգացող մարզը, և մարզը կգտնի իր նախկին գեղեցկությունը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց՝ սա ասում ենք, քանի որ արել ենք, քանի որ ունենք ուժ, քանի որ ունենք թիմ, որն ունակ է լուծելու բոլոր խնդիրները։
«Ուղղակի վերջին մի քանի օրը պետք է համախմբվենք, ցույց տանք մեր ուժը և ցույց տանք, որ մեզ որևէ մուրճ չի վախեցնի։ Եվ պետք է ասենք՝ էդ մուրճը կամաց պտտեցրու, որովհետև կընկնի ոտիդ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։