կարևոր
1780 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 18:05

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։