կարևոր
26221 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 17:59

Ստորագրվեց Շուշիի հռչակագիրը

Ստորագրվեց Շուշիի հռչակագիրը

Առաջին անգամ Ադրբեջանում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա թուրք պաշտոնակցի միջեւ հանդիպումն անցկացվել է Բաքվի սահմաններից դուրս:

Բաքվում Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կնոջը դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, փոխարտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ: Ալիեւը Էրդողանին դիմավորել է Ֆիզուլիում, որտեղից նրանք ուղեւորվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայոց բերդաքաղաք Շուշի:

Ի դեպ, պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այս օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները Շուշիի քաղաքապետարանի շենքի առջեւ ռազմական շքերթ են դիտել: Շուշիում հնչել են նաեւ այդ երկու երկրների օրհներգերը: Առանձնազրույցից հետո Ալիեւն ու Էրդողանը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել:

Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: