կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 17:22

Դժվար ճանապարհ է սպասվում «պարտության սինդրոմը» հաղթահարելու համար, բայց զորահանդեսի օրը մոտեցնելու համար ամեն ինչ կանենք. Ռոբերտ Քոչարյան

Դժվար ճանապարհ է սպասվում «պարտության սինդրոմը» հաղթահարելու համար, բայց զորահանդեսի օրը մոտեցնելու համար ամեն ինչ կանենք. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 9-րդ օրը, Արարատի մարզում է։ Նախքան Ավշարը՝ դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մասիսում։ Հանդիպումներ են նախատեսված նաև Արարատում, Վեդիում և մարզկենտրոն Արտաշատում։

«Բավական դժվար ճանապարհ է սպասվում «պարտության սինդրոմը» հաղթահարելու համար։ 30 տարի շարունակ Հայաստանը, իր ներքին խնդիրներով հանդերձ, ապրել է որպես հաղթանակած պետություն, այդ պատճառով այժմ շատ դժվար է համակերպվել պարտվածի կարգավիճակին», - նշեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Քոչարյանի համոմզմամբ՝ այս իրավիճակը հաղթահարելու համար առաջին հերթին պետք է վերականգնել երկրի պաշտպանվածությունը, պետք է ավելի ժամանակակից և մարտունակ բանակ ստեղծել, սա է լինելու այն գրավականը, որը հնարավորություն է տալու հաղթողի զգացողություն ունենալ։

«Չեմ կարող հիմա հստակ ժամկետ ասել, բայց այսօր, երբ շփվում էի ձեր գյուղապետի հետ, հետաքրքիր մի հարց եղավ՝ մենք մեր զորահանդեսը ե՞րբ ենք ի վիճակի լինելու անցկացնել։ Դժվար հարց է, չէ՞։ Մի հարց է, երբ պառադներ ես անում հաղթանակից հետո, մի ուրիշ հարց է, երբ պառադ ես անում պարտության դեպքում։ Ամեն ինչ պետք է անենք այդ օրը մոտեցնելու համար, և ես վստահ եմ, որ դա ի վիճակի ենք անել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ զոհվածների հարազատների դեպքում չափազանց ծանր է այդ հոգեբանական հարվածը հաղթահարել, որովհետև ըստ Քոչարյանի, հաղթանակի դեպքում նրանք հասկանում էին, թե ինչի համար են զոհվել իրենց զավակները, իսկ պարտության դեպքում չափազանց ծանր է այդ գիտակցումը։ Եզրափակելով խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե իր գլխավորած դաշինքը գալիս է իշխանության այս հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար։