կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 16:02

Էրդողանի այցը Շուշի մենք դիտարկում ենք որպես սպառնալիք․ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Էրդողանի այցը Շուշի մենք դիտարկում ենք որպես սպառնալիք․ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2021թ. հունիսի 15-ին Շուշի կատարած այցի հետ:

1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ:

Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:

2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:

Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել  են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում  «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում:

Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:

Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին:

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:

Համայն հայությունը այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի խմբակցություններ՝

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական Հայրենիք»

«Արդարություն»

«Հայ Հեղափոխական Դաշնակություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն