կարևոր
1948 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-15 13:11

Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»

Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»։ Այս մասին նա հայտնել է Sputnik Արմենիային, RT-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունները որոշակի անվստահության տարրեր են առաջացրել Մոսկվայում, սակայն չի կարելի ասել, թե երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները հասել են ինչ-որ վտանգավոր մակարդակի:

«Մի տեսակ լուրջ անվստահության տարր կա այն ամենի հանդեպ, ինչն այդ իշխանությունն անում է այստեղ՝ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլված, որ ենթակա չեն շատ արագ վերականգնման։ Մեր շահերը շատ ուղղություններով համընկնում են։ Այստեղ բավական է պարզապես վերադառնալ ազնիվ հարաբերությունների՝ առանց ինչ-որ սեթևեթանքների, առանց մութ խաղերի։ Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»,-ավելացրել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։ 2018 թ․-ի ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ գերակշռեցին, ստվերեցին ու քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա այն այսպես թե այնպես սկսում է դրսևորվել, գուցե ոչ այնքան հստակ, բայց լեյտմոտիվը միշտ էլ առկա է։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ճգնաժամին և ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումին՝ նախկին նախագահը նշել է, որ ինքը ՀԱՊԿ-ից այդ հարցում բացարձակապես ոչինչ չէր սպասում: Առավելագույնը, որ կազմակերպությունը կարող է անել՝ ինչ-որ հայտարարություն, խաղաղության, զսպվածության կոչ։ Նա կարծում է, որ այստեղ շեշտը պետք է դնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների և Մոսկվայի հետ երկկողմ պայմանագրի դրույթների վրա։

«Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր անդամների հետ, բացառությամբ Ռուսաստանի, շատ ավելի լավ են, քան Հայաստանի հարաբերությունները։ Համագործակցության մակարդակը թե՛ տնտեսության, թե՛ ռազմատեխնիկական ոլորտում նույնպես ավելի բարձր է, քան Հայաստանի հարաբերություններն այդ երկրների հետ։ Ինչի՞ համար զուր օդ տատանել՝ հասկանալով, որ ախր ոչինչ էլ չի լինի»,-ընդգծել է նա։

Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը քիչ հավանական է համարել երկրորդ փուլի անցկացումը։

«Երկրորդ փուլը ենթադրում է, որ կոալիցիա ստեղծել հնարավոր չի լինի, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի` ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Այսօրվա դրությամբ հավանականությունը փոքր է, որ երկրորդ փուլ կլինի», - ասել է հարցազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կոալիցիա ստեղծելու հարցը նույնիսկ չի քննարկել, քանի որ հույս ունի հաղթել ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել։

«Պատիվ ունեմ» դաշինքի (որն արդեն հայտնել է նման հնարավորության մասին) հետ կոալիցիա ստեղծելու մասին հարցին, Քոչարյանը պատասխանել է, որ ներկայիս իրավիճակը և հարցումները մի շարք կուսակցությունների դեպքում մեծ անորոշություն են ցույց տալիս, և հասկանալի չէ, թե ինչ տեսք կունենա խորհրդարանը։

«Սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինենք կոալիցիոն որոշակի լուծումների գնալ», – հավելել է նա։

Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը կապված հետընտրական շրջանում բախումների հավանականության վերաբերյալ, նախկին նախագահը լիովին չի բացառել դեպքերի զարգացման նման տարբերակը։

«Ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե արդյոք հասարակությունը վստահություն կցուցաբերի դրանց նկատմամբ», - ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Եթե ընտրական հանձնաժողովներն ու ԿԸՀ–ն, ըստ նրա, իրենց աշխատանքը հստակ կատարեն, օրենքի շրջանակում, որևէ լուրջ հետևանք չի լինի։

«Բավական լավատեսորեն եմ նայում արդյունքներին և նրան, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից», - նշել է նա։