կարևոր
1564 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-14 22:23

«Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը Երևանի Շենգավիթ համայնքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը Երևանի Շենգավիթ համայնքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր, հունիսի 14-ին «Հայաստան» դաշինքի առաջնորդները բազմամարդ հանրահավաք անցկացրեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ողջունելով հավաքվածներին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ են մտնում:

«Հայաստան ասելով հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս: Սիրելի ժողովուրդ, ես միշտ գործի մարդ եմ եղել, սակայն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նաև խոսող մարդ պետք է դառնալ, քանի որ ժամանակակից աշխարհում խոսքի ուժը հզոր է: Այդ խոսքը պետք է հասցնենք յուրաքանչյուր քաղաքացուն: Փոխանցեք բոլորին, որ Հայաստան դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու, մարդկանց կյանքի որակը բարելավելու համար: Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հավաքվածներին ակտիվ մասնակցել ընտրություններին՝ իրենց ձայնը տալով ուժեղ Հայաստանին:

Բոլորդ քաջ գիտակցում եք, որ մեր երկիրը ճգնաժամի մեջ է։ Ի՞նչ է անհրաժեշտ այսօր Հայաստանին․ ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն եւ հիմք դնի ազգային պետության։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որ տեր կկանգնի իր քաղաքացուն, գյուղացուն, երկրի սահմաններին, համահայկական ժողովրդին։ Այսօր Հայաստանին պետք է իշխանություն, որը ոչ թե անելու է ամեն ինչ իր ժողովրդին դուր գալու համար, այլ՝ իր ժողովրդին օգտակար լինելու համար․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանին այսօր պետք է իշխանություն, որը կմտածի իր հասարակության կրթության, առողջության մասին եւ երկրում կհաստատի սոցիալական արդարություն։

Իշխող կուսակցությունը քաղաքական հոգեվարքի մեջ է, դա փաստ է. իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Էնքան պառակտեցին ազգը, որ պառակտումը մտավ իրենց թիմ ու հիմա իրենց թիմակիցներից շատերն արդեն համակերպվել են պարտության հետ և չեն ուզում կիսել իրենց առաջնորդի ո՛չ պատասխանատվությունը, ո՛չ էլ ճակատագիրը»,– ասաց նա։

Վահե Հակոբյանը նշեց, որ իրենք գալիս են, որ բոլորին ճանաչեն ամեն տեղ իր արած գործերով։ «Ամսի քսանին համար 24, բոլորս մեկ մարդու պես դեպի ուժեղ Հայաստան»,–ամփոփեց Վահե Հակոբյանը: