կարևոր
2869 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 12:06

Ադրբեջանի դատարանը ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանին դատապարտեց 20 տարի ազատազրկման

Ադրբեջանի դատարանը ռազմագերի Վիգեն Էուլջեկջյանին դատապարտեց 20 տարի ազատազրկման

Ադրբեջանը գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանին դատապարտեց ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է «minval.az»-ը։

Դատավճիռը հրապարակվել է այսօր՝ Բաքվի Յասմալի շրջանայոին դատարանի վարչական շենքում։

Ադրբեջանը Վիգեն Էուլջեկջյանին մեղադրում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացման և «վարձկանության» մեջ, թե, իբր, «2500 դոլարի համար համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին»:
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 114.3-րդ, 214.2.1-րդ, 318-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Վիգենը գերեվարվել է Շուշիի մերձակայքում՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել է Արցախ, որպեսզի իր իրերը վերցնի Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին, մինչդեռ Վիգենը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրա դեմ նախաձեռնել է քրեական գործընթաց՝ փորձելով վերջինին ներկայացնել որպես «վարձկան»: