«Հայաստան» դաշինքը ծրագրեր կիրականացնի, որպեսզի Վանաձորը դառնա տուրիստական կենտրոն։ Այս մասին նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Վանաձորցին կարող է ասել՝ Սպիտակում ու Գյումրիում մի քիչ ավելի շատ եք գործ արել։ Մի քիչ ավելի շատ էին նրանք տուժել, քան Վանաձորը։ Այսօր տեսնում եմ՝ որոշ ոլորտներում Վանաձորը հետ է մնացել»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր նախագահության տարիներին Գյումրիում և Սպիտակում ավելի շատ աշխատանքներ են արել, պատճառն այն էր, որ այդ քաղաքաներն առավել շատ էին տուժել երկրաշարժից։
«Մենք այստեղ պետք է բազմաթիվ ծրագրեր իրականացնենք, որպեսզի Վանաձորը դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Ինձ ասում են, թե այստեղ մի սար կա, որը կարող է երկրորդ Ծաղկաձոր դառնալ Հայաստանի համար։ Այդ սարով ես չեմ քայլել, չգիտեմ նրա պոտենցիալը լեռնադահուկային հանգստավայր դառնալու համար, սակայն խոստանում եմ ձեզ՝ եթե այդ պոտենցիալը կա, ապա ներդրողներ կգտնենք և կփորձենք երկրորդ լեռնադահուկային կենտրոնը սարքել»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։