Նիկոլ Փաշինյանը հաստատեց տեղեկությունը, որ հայկական կողմը ականապատված դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին՝ գերիների վերադարձի դիմաց:
«Դա ճիշտ է, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բայց ուզում եմ ասել՝ ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել»,-Գավառում քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում.
«Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենք պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի հարցում որոշակի կառուցողական մթնոլորտ ստեղծենք, բայց ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի ձևով Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց մեր գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել»,-հայտարարել է Փաշինյանը:
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հրապարակել էր հայրենիք վերադարձող գերիների լուսանկարները և նրանց անունները: Նա, սակայն, չի մանրամասնել, թե որտեղ, ինչպես, ինչ պայմաններում է արվել լուսանկարը: Նա անգամ չէր մանրամանել, թե ինչպես եւ ինչի դիմաց են ազատ արձակվել մեր հայրենակիցները:
Մինչդեռ ադրբեջանական լրատվականները, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին, տեղեկացրել են, որ Հայաստանի կողմից ստացել են Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հարց է ծագում, ինչո՞ւ այս ամենը չարվեց ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, որի կետերից մեկն էլ հենց ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն էր: Իսկ այսօր նախընտրական պայքարի շրջանամ իշխող ուժը օգտվեց հնարավորությունից՝ ևս մեկ անգամ, ինչպես այս 7 ամիսների ընթացքում, շահարկելով գերիների հարցը իշխանական դիվիդենտներ հավաքելու համար: