կարևոր
1402 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 22:24

Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները

Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:

Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար:

Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել:

Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»:

Հիշեցնենք, որ  «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ նշել էր, որ Հանրային հեռուստատեսությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած 2 նախընտրական հոլովակների ցուցադրումը: