Ստեփանավանում մեծ ծավալի աշխատանքներ են արվել, եւ ես չեմ պատկերացնում, թե ոնց է կարելի գնալ մի տեղ եւ խոսել ընտրություններից, ձայներից, մարդկանց վստահությունից` ոչինչ չարած: Սա լկտիության նման մի բան է. ոչինչ չես անում, բայց գնում ես, ասում՝ դուք ինձ պարտք եք, որովհետեւ ես եմ: Ինչի՞ համար: Մենք եթե ասում ենք, որ մի բան անելու ենք, անում ենք: Եվ դա մենք ապացուցել ենք: Ստեփանավանցիների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ մարդիկ դաշինքի օգտին քվեարկելու են թռիչքաձեւ տնտեսական աճ, անվտանգ երկիր ու սահմաններ ունենալու համար:
«Եթե դու ուզում ես հաջողություններ ունենալ, ներդրումներ ունենալ, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց տրամադրությունը պետք է փոխես: Մինչեւ տրամադրությունը չփոխվի, ոչինչ չի լինելու: Քանի որ մենք գիտենք, որ գալու ենք իշխանության, տրամադրությունը սկսել ենք փոխել արդեն հիմա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: