Շինարարության ծավալները մեծացնելու ամենախթանիչ ուժը եղել է այն, թե հաջորդ անգամ Սպիտակ գալուց, այդտեղ ապրող մարդկանց աչքերին ինչպե՞ս եմ նայելու: Նամուսի, պատասխանատվության հարց էր իմ համար Աղետի գոտու վերականգնումը, երբ այն տարիներին գումարները շատ ավելի քիչ էին: Գումարները քիչ էին, բայց աշխատողի վրա միշտ գումար էր գալիս, նոր հնարավորություններ էին բացվում և իրենց աշխատանքը խրախուսեց բազմաթիվ մարդկանց և սփյուռքում և, նույնիսկ, ոչ հայերին՝ օժանդակելու աղետի գոտու վերականգնմանը: Այս մասին Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա իմ մոտ շատ բնական հարց է առաջանում, եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ի՞նչ երեսով են նրանք գալիս ձեր մոտ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարող է բացատրել, թե ի՞նչ խղճով է դա արվում: Ներկայիս իշխանությունը Հայաստանն ավերակների է վերածում և իր առաջնորդած թիմը գալիս է որպեսզի ապահովի անվտանգ երկիր, տնտեսության վերականգնում և հանգստություն քաղաքացիներին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը վստահեցրել է, որ այս գործելաոճը լինելու է անընդհատ եւ ամեն տարի: Նա ասել է, որ գալիս են իշխանության՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:
«Հիմա ասում եմ, որ դուք հունիսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար նամուսի հարց է լինելու այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ թե ամեն տարի ինչ ենք արել. դա է լինելու մեր նպատակը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: