կարևոր
20968 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-12 12:20

Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Հունիսի 12-ը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է: 28 տարի առաջ՝ 1993-ի հենց այս օրը, Մարզիլի գյուղի համար ընթացող մարտի ժամանակ զոհվեց նա:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում`   Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում: 1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը`   բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:

Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»`   նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Տիրապետել է 7 լեզուների: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին:

Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում: 1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 

1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:

Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: 

1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ` կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա`   Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:

1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներն մնացել են անավարտ`   Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով: 

1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ`   Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս`   Շահումյանի շրջան:

Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: