կարևոր
1756 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 09:19

Մի ամբողջ հասարակություն, հետևելով «քայլ արա» կարգախոսին, անդառնալի քայլ կատարեց դեպի անդունդ, որում, ինչպես համոզում է գլորողը, ապագա կա. «168 ժամ»

Մի ամբողջ հասարակություն, հետևելով «քայլ արա» կարգախոսին, անդառնալի քայլ կատարեց դեպի անդունդ, որում, ինչպես համոզում է գլորողը, ապագա կա. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Խոսքը քաղաքականության ու քաղաքական գործիչների հիմնական գործիքն է։ Նաև նրանց արածի ու չարածի, կենսագրության, հպարտության ու ամոթի կենդանի վկան։ Խոսքը նաև զենք է հակառակորդներին խոցելու ու սեփական ես-ը բարձրացնելու ճանապարհին։

Բայց խոսքը նաև կարող է վտանգավոր լինել հենց հեղինակի համար։ Որովհետև, որքան էլ հմուտ ու խորամանկ, անուղիղ խոսքը նաև մատնելու հատկություն ունի։ Հատկապես ու առավել ևս, եթե դրա հեղինակի համար խոսքը ոչ թե ճշմարտության բարձրաձայնման, այլ այդ նույն ճշմարտության խեղաթյուրման ու մանիպուլյացիայի գործիք է։

Ահա ուրեմն, եթե խոսքը ոչ թե ճշմարտության սպասարկու է, այլ ստի սուրհանդակ, երբևէ մատնում է հեղինակին, եթե անգամ այն արտաբերվել է անհիշելի ժամանակերում ու հույսով, որ մոռացության է մատնվելու։

Խոսքի մատնիչը փաստերն են ու գործերը, արարումներն ու ավերումները, հաղթանակներն ու պարտությունները։ Խոսքի և գործի մեջ կա դիալեկտիկական կապ, որը թաքցվում է այնքան հմտորեն, որքան ավելի աճպարար է ստողն ու խոսքով իրական մտադրություն թաքցնողը։ Բայց գործերը, ահա, բացահայտում են այդ թաքուն կապերը, որոնք պատմության այս կամ այն ընթացքի դեպքում կարող են դառնալ անգամ իրեղեն ապացույցներ, եթե խոսքատիրոջ գործերը ենթարկվեն քննությունների։

Իրավականից զատ, դրանք ունեն նաև գիտական նշանակություն և հարուստ նյութ են պարունակում, օրինակ, նեյրոլինգվիստիկայով զբաղվողների համար։

Այդ առումով, օրինակ, Նիկոլ Փաշինյանն իսկական գտածո կարող է դառնալ հետազոտողների համար, որոնք կուսումնասիրեն նրա վաղ և ոչ այնքան վաղ անցյալի խոսքերը, խոստումները, կարգախոսներն ու հռչակումները՝ նրա պաշտոնավարման, չգրանցած արարումների ու արձանագրված ավերումների համատեքստում։

Հետազոտողներն ահա, իրապես խորանալու ու առաջին հայացքից իրար հետ չաղերսվող սուբստանցիաները կապելու շնորհիվ կարող են կատարել սկանդալային ու սենսացիոն բացահայտումներ, որոնք կունենան առնվազն գիտական, իսկ պատմության այս կամ այն ընթացքի դեպքում՝ նաև քրեաիրավական նշանակություն։
Պատկերացնել կարելի է որևէ նորվեգացի գիտնականի դեմքի արտահայտությունը՝ պրպտումի եզակի պահին՝ հայտնաբերելիս, որ, օրինակ, երբ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Ելք կա», դա իրականում վերաբերում էր Արցախից հայկական ուժերի ու հայկականության ելքին, որն իրականություն դարձավ ընդամենը երեք տարի անց։

Իսկ ահա ֆիլիպինցի հետազոտողը կարող է ուղղակի կաթված ստանալ, երբ արձանագրի, որ տարիներ առաջ «և այդ մեկ մարդը դու ես» վանկարկվող կարգախոսը վերաբերում էր առվազն 5000 զոհերից յուրաքանչյուրին, որոնց գոնե մի մասը, ինչպես ավելի ուշ էր խոստովանվելու, զոհվել է հանուն նրա, որ կարգախոսի հեղինակին դավաճան չանվանեն։

Իսկ երբ այս կաթվածահարի խորվաթ գործընկերը բացահայտի, որ նույն հեղինակի «1+1+1+1․․․» կարգախոսը վերաբերում էր նույն այդ զոհերին, որոնց հաշվարկի դժվարացման մի պահից սկսած նա սկսելու է համրել «պլյուս-մինուս հիսունով», գիտական հանրությունը կարող է ոչ այնքան գիտական շոկ ապրել։

Նեյրոլինգվիստիկ այս բացահայտումները կարող են օգնել հասարակագետներին՝ բացատրելու համար  հակաֆենոմենը, որ մի ամբողջ հասարակություն՝ հետևելով «Քայլ արա» կարգախոսին, անդառնալի քայլ կատարեց դեպի անդունդ, որում, ինչպես համոզում է գլորողը, ապագա կա։

Բոլոր այս ուշագրավ բացահայտումները, սակայն, կարող են ամբողջանալ տեսանելի ապագայում, երբ պարզվի, որ Հայաստանը չի կարող վարչապետ ունենալ, քանի որ կյանքի է կոչվել դեպի անդունդ «Ելք» խոստացածի մեկ այլ կարգախոս այն մասին, որ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։
Կարգախոսի առաջին մասի իրականացման արդյունքում Հայաստանը սարսափելիորեն մոտ է հանգրվանին, որում կարող է վարչապետ չունենալ տեխնիկական՝ պետության բացակայության պատճառով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։