կարևոր
535 դիտում, 4 օր առաջ - 2021-06-11 23:44

Ծեծկռտուք՝ Հակոբ Արշակյանի և ՔՊ-ականների մասնակցությամբ․ կան տուժածներ

Ծեծկռտուք՝ Հակոբ Արշակյանի և ՔՊ-ականների մասնակցությամբ․ կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, այդ թվում՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից Արաբկիր վարչական շրջանում նախընտրական բուկլետներ բաժանելու ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Նշենք, որ երեկ «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում նախընտրական բուկլետներ են փորձել բաժանել ՔՊ-ականները, որոնց մոտեցել է տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետ չբաժանեն, այդտեղ ընտրողներ չունեն, ինչին ի պատասխան, ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի ղեկավարությամբ, վիրավորել են տարեց տղամարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, որոնք ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին՝ տարեց տղամարդուն վիրավորելու համար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, նրանցից մեկը կոտրվածքներ է ստացել։