Վստահ եմ՝ հայ ժողովրդի մեջ դեռևս մնացել է ազատ ապրելու ցանկությունը, ոգին, և մենք այս բոլոր պրոբլեմներին դեմ պետք է տանք մեր կամքը, մեզ մնացած տարածքում ազատ ապրելու, հայերեն խոսելու մեր ցանկությունը, մենք մեր պատմությունը չենք կարող մոռանալ: Այս մասին Վայոց Ձորի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի համախոհների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ այսօր առավոտյան լսել են, որ թավշապետը հայտարարեց՝ Հայաստանում ավարտվել է թաշվյա հեղափոխությունը, սկսվում է կամ արդեն սկսվել է «պողպատյա հեղափոխությունը»:
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «պողպատյա հեղափոխություն», բայց երեք տարիների ընթացքում ականատես եղանք այսպես ասած թավշյա հեղափոխության ողջ պերճանքին: Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, թավշյա հեղափոխություն նշանակում է պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կեղծիքի տարածում, հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է մեր անվտանգության համակարգի փլուզում, հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է զոհել հազարավոր մարդկանց, որպեսզի թավշապետը կառչած մնա իր աթոռին:
Մենք հասականաք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն պաշտպանելու սեփական սահմանները», ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, եթե կապիտուլյանտը «պողպատե հեղափոխություն» ասելով հասկանում է այս պրոցեսների ավելի ուժգնացում, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ «պողպատյա հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան և ոչ միայն վահան, նաև վահանի հետ երևի մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց պողպատյա գործիքն օգտագործել մեզ դեմ:
«Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում մենք լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, ովքեր լինելով թվապես մեզանից մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը, նրանք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում»,- ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: