Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավել անձինք, որոնց թվում են եղել նաև «Հայաստան» դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ Հայկազ Հարությունյանը և Ամիրան Գալավորյանը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը․
«Հիշյալ անձանց նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառվել է բռնություն, որի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։
Վերը նշված դեպքերի կապակցությամբ արդեն իսկ ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ։
Լիահույս եմ, որ իրավասու մարմինները հնարավորինս օպերատիվ կիրականացնեն անհրաժեշտ քրեադատավարական գործողությունները»։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց «Ինչո՞ւ է Նիկոլը դավաճան» խորագրով խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելիս, անհամաչափ ուժի կիրառմամբ և առանց պատշաճ բացատրության բերման են ենթարկվել ՀՅԴ անդամները։