կարևոր
793 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-10 23:18

Միակ ճանապարհը լինել շատ հստակ, անկեղծ ու պարզ․ ես միշտ նման քաղաքականություն եմ վարել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Թվային աշխարհում մտածել, որ կարող ես նույն թեմայի շուրջ չինացիներին մեկ բան ասել, ռուսներին մի ուրիշ, ամերիկացիներին ու իրանցիներին էլ՝ մի ուրիշ բան, պարզապես միամտություն է։ Սա էժան ջեբկիրի ստելու պես քաղաքականություն է։ Այդպես վստահելի գործընկերներ ձեռք չեն բերում։ Ընդհակառակը՝ այդ ճանապարհով միայն գործընկեր ես կորցնում։ Աշխարհը փոխվել է․ միգուցե 15-16 -րդ դարում, երբ ոչինչ չկար, այդպես հնարավոր էր, բայց ոչ հիմա, երբ միանգամից ամեն ինչ հայտարարվում ու բացահայտվում է»,- Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչպե՞ս պետք է քեզ վստահեն, երբ դու ու քո թիմը 20 տարի շարունակ եղել եք հակառուս, դա արտահայտել ես քո հոդվածներում, քո բոլոր հայտարարություններում ու հիմա հանկարծ դառնում ես ռուսամետ։ Բնականաբար՝ այդ մարդուն զգուշավոր են վերաբերելու։ Հետո սկսվեց այդ շուստրիությունը՝ ռուսների հետ մի թեմա, պարսիկների հետ՝ մեկ այլ բան։ Ռուսական կողմը հետևում է, թե մեր Հանրային ալիքը, որն իշխանությունների վերահսկողության տակ է, ինչպես է իրեն դրսևորում, տեսնում են իշխանության հետ ազդեցության տակ գտնվող կամ նրան հետ համագործակցող ուժերի կեցվածքը։ Բոլորս գիտենք՝ ինչպիսինն է․ խիստ հակառուսական։

Էլ Իրանի ու Չինաստանի մասին չեմ խոսում։ Ռուսները տեսնում են, որ ամերիկյան ֆինանսավորում ունեցող «Ազատություն» ռադիոկայանը դարձել է այս իշխանությունների սեփական լրատվամիջոցը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Միակ ճանապարհը լինել շատ հստակ, անկեղծ ու պարզ։ Ես միշտ նման քաղաքականություն եմ վարել, և արդյունքում մենք լավ հարաբերություններ ենք ունեցել և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ»։ Մանրամասն՝ տեսանյութում։