Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
ԿԸՀ հունիսի 10-ի նիստում քարտուղար Արմեն Սմբատյանն հայտնել է, որ հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրություն՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի կողմից:
«Գրությանը կից փակցված է կուսակցության ղեկավար մարմնի՝ նախագահության որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ»,-նշել է Սմբատյանը:
Նա հիշեցրեց նորմը, որ կուսակցությունները, դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ժամը 18:00-ն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:
Կուսակցության լիազոր մարմինը ԿԸՀ նիստում այլ ասելիք չուներ:
Այսպիսով, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը քվեարկությամբ ընդունվեց: