կարևոր
412 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-10 15:57

Վստահեցնում եմ, որ 3 տարվա մեջ դուք տեսնելու եք արդյունքը. Ռոբերտ Քոչարյանը՝ Թալինի տարածաշրջանում փոքր ջրամբարների կառուցման մասին

Վստահեցնում եմ, որ 3 տարվա մեջ դուք տեսնելու եք արդյունքը. Ռոբերտ Քոչարյանը՝ Թալինի տարածաշրջանում փոքր ջրամբարների կառուցման մասին

Այսօր՝ ընտրական քարոզարշավի չորրորդ օրը, «Հայաստան» դաշինքը Արագածոտնի մարզում է: Առաջին կանգառը Թալինն էր: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ իշխանության գալու դեպքում իրենք ջրամբարներ են կառուցելու։ 

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առանց փոքր ջրամբարների կառուցման առաջ քայլելը դժվար է լինելու։ Քոչարյանը ժամկետներ չնշեց, հիմնավորելով, որ դեռևս պետք է հասկանալ, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվելու և որքան ռեսուրս է անհրաժեշտ լինելու։ Կարիքների գնահատման և նախագծման աշխատանքներ կատարելու համար ժամանակ է անհրաժեշտ և չի ցանկանում «օդի մեջ» խոստումներ տալ: Քոչարյանը խոստացավ, որ մեկ ընտրական ցիկլի, այսինքն՝ 5 տարվա ընթացքում այդ հարցին լուծում են տալու։

«Մոտավորապես 6-8 ամիս նախագծային աշխատանքներ կարվեն, հետո շինարարություն։ Սա նշանակում է, որ գործընթացը ձեզ համար տեսանելի է լինելու, և կարծում եմ՝ 2-3 տարվա ընթացքում արդեն արդյունքներ կունենանք։ Գիտեք՝ ջրամբարների կառուցումը մի քիչ աշխատատար գործ է։ Եվ ընդհանրապես եթե ուզում ենք Արագած սարի հալվող ջրերը պահել և օգտագործել, պարտավոր ենք՝ որտեղ հնարավոր է ջուրը բռնել, պետք է բռնել ու պահել։ Նույնիսկ այսօր այդ գնահատականը չկա, թե ինչքան, քանի տեղ ու քանի աստիճանով կարելի է հալվող ջրերը բռնել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ 3 տարվա մեջ դուք տեսնելու եք արդյունքը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի 167-րդ կետում ասվում է, որ իրականացվելու է փոքր և միջին ջրամբարաշինության լայնածավալ ծրագիր, ըստ որի՝ առաջնահերթ կառուցման ենթակա են 11 փոքր և միջին ջրամբարներ՝ Արգիճ, Աստղաձոր, Ելփին, Խնձորուտ, Վերնաշեն, Խաչիկ, Քասախ, Հախում, Արթիկ, Կողբ և Խնձորեսկ։