կարևոր
1723 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 21:19

Գալիս ենք հաղթելու հանուն ուժեղ Հայաստանի ու նաեւ՝ ուժեղ, կազմակերպված Երեւանի․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Գալիս ենք հաղթելու հանուն ուժեղ Հայաստանի ու նաեւ՝ ուժեղ, կազմակերպված Երեւանի։ Այս մասին նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ Նոր նորքի ընտրողների հետ հանդիպմանը։

«3 տարի առաջ էյֆորիայի ազդեցության տակ երևանցին ընտրեց նաև քաղաքային իշխանություն․ նայեք այդ իշխանությունը ինչ խոստումներ է տվել ձեզ և անցնող 3 տարիներին ինչ է արել: Երևանի տրանսպորտի չլուծված հարցը, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցը, մետրոյի կայարանի խոստումները: 

Դուք, մենք ապրում ենք մի մայրաքաղաքում, որի քաղաքապետը շաբաթը մեկ է գնում աշխատանքի, չեն ստորագրվում թղթեր, շինարարակական թույլտվություններ, տրվում հանձնարարականներ: Հիշեք՝ ինչ խոստացավ այս իշխանությունը նույն Երեւանի համար. մետրո, ու՞ր է: Նոր Նորքից մինչեւ քաղաքի կենտրոն ճոպանուղի: Մեկդ գնա՞ց այդ ճոպանուղով..»,- ասաց Սաղաթելյանը:

«Հիմա, ինչպես Հայաստանը, այնպես էլ Երեւանը տեր չունի: Երեւանի կառավարումը պարզ ցույց է տալիս, թե ինչպես է փլուզվել մեր երկրի կառավարման համակարգը, անվտանգության համակարրգը, տնտեսական համակարգը, կրթական համակարգը: Հիշեք՝ Նոր Նորքում կառուցվող շինության քանդելը, թե անօրինական  կառույց է: Բայց նրանք դրա փոխարեն նորը չկառուցեցին, ոչինչ չկառուցեցին:

Ցանկացած բանական մարդ հաճույք է ստանում կառուցելուց, այս իշխանությունը հաճույք է ստանում քանդելուց․ մշտապես հպարտանում են՝ քանդեցինք սրա տունը, նրա տունը։ Այս իշխանությունը շատ մարդկանց տուն է քանդել և դրա համար պետք է պատասխան տա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ այս օրերին իշխող խմբակը ՀՀ մարզերում ասում է, որ ճանապարհներ է կառուցել, դպրոցներ է կառուցել։ «Այս իշխանությունը չի ասում, թե քանի դպրոց է նվեր տվել թշնամուն․ 107 դպրոց, 17 մանկապարտեզ։ Այս իշխանությունը պարտավոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին և ասել՝ քանի տուն է նվեր տվել թշնամուն։ Խոսում են այգիների ոռոգման մասին․ պետք է այս հողատուները նայեն ՀՀ քաղաքացու աչքերին և ասեն՝ քանի՞ հեկտար են նվեր տվել Ալիևին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մեզ պետք է ուժեղ Երեւան, ուժեղ Սյունիք, ուժեղ Հայաստան: Դա կարող է կառուցել միայն նվիրյալը, մասնագետը, գործին նվիրվածը, արդեն փորձառություն ունեցողը, արդեն իր աշխատանքով գործ ցույց տվածը:

Երեւանում, Հայաստանում  պետք է 7 օր եւ 24 ժամ աշխատել, որ վերակագնենք վնասն ու նոր թռիչք ունենանք: Ու 24 ժամ կարող է աշխատել, բոլորի համար աշխատանք գտնել ու բոլորին աշխատացնել թիվ 24-ը՝ Հայաստան դաշինքը:

Հունիսի 20-ը Հայաստանը ազատագրելու օր է՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։